«Ժամագրքում» տեղ գտած աղօթքներ

  Այս էջում կը գտնէք սբ Գրիգոր Նարեկացու հանրայայտ «Մատեանի» աղօթքներից ընտրուած մի փունջ։ Սկզբում ներկայացուած չորս աղօթքները տեղ են գտել Հայոց Եկեղեցու «Ժամագրքում»՝ Հանգստեան ժամերգութեան վերջում՝ Ներսէս Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղօթքից առաջ։

  «Ընկալ քաղցրութեամբ» (ԺԲ) աղօթքը սովորաբար երգւում է։ Բնագրի հետ առկա է նաեւ նրա նոտագրուած տարբերակը՝ վերցուած Նիկողայոս Թահմիզեանի «Գրիգոր Նարեկացին եւ հայ երաժշտութիւնը V-XV դդ.» աշխատութիւնից (Երեւան, 1985 թ.), ինչպէս նաեւ երգի մի կատարման ձայնագրութիւնը. խօսքերից անմիջապէս յետոյ, սեղմելով համապատասխան յղման վրայ, կարող էք այս աղօթք-երգը լսել Լուսինէ Ղազարեանի եւ Անահիտ Պապայեանի կատարմամբ:

  «Ժամագրքում» տեղ գտած աղօթքներից երկուսը՝ ԺԲ եւ ՂԴ, ըստ իրենց բովանդակութեան յարմար են միայն գիշերային քնից առաջ ընթերցման համար, իսկ միւս երկուսը՝ ԽԱ եւ Աստուածածնին նուիրուած Ձ աղօթքը, ըստ իրենց բովանդակութեան չունեն ժամանակային սահմանափակում։ Հայոց Եկեղեցու հաւատացեալների շրջանում յատկապէս տարածուած է ԽԱ («Որդի Աստուծոյ կենդանւոյ») աղօթքը։

«Որդի Աստուծոյ», Կարճառօտ ժամագիրք (վասն վաճառականաց), Սանկտ Պետերբուրգ, 1787