Ներածություն

  Սբ Գրիգոր Նարեկացու անունով յայտնի մի քանի տասնեակ տաղերից ու գանձերից միայն մի քանի տաղի աւանդական մեղեդիներն են մեզ հասել։ Դրանք են՝ «Սայլն այն իջանէր», «Հաւուն հաւուն», «Աչքն ծով», «Հաւիկ», «Ահեղ ձայնս» եւ «Գոհար վարդն»։ Սրանցից առաջին երկուսը Յարութեան տաղեր են, «Աչքն ծով»-ը՝ Աստուածածնի, յաջորդ երկուսը՝ Խաչի տօների, եւ վերջինը՝ Վարդավառի։ Թէ՛ մեղեդիական, թէ՛ խօսքային մի քանի տարբերակով է մեզ հասել սրանցից «Հաւիկ»-ը, որի հեղինակային պատկանելութիւնը Նարեկացուն վերջնականապէս յստակեցուած չէ, ուստի Նարեկացու տաղերի եւ գանձերի քննական բնագրերի՝ Արմինէ Քեոշկերեանի պատրաստած եւ 1981 թ. հրատարակուած հատորում այն տեղ չի գտել։ 

  Գ. Նարեկացին հայ քնարերգութեան մէջ բնութեան յայտնաբերողն է: Բնութիւնը դիտում է յարափոփոխ շարժման ու արարումի մէջ: Դրա լաւագոյն օրինակը «Տաղ Վարդավառին» բանաստեղծութիւնն է, որն արտայայտում է բանաստեղծի հրճուանքը արթնացող ու փթթող բնութեան հազարերանգ գեղեցկութեան հանդէպ: Հեթանոսական ժամանակների Վարդավառը վերաիմաստաւորուել, վերածուել է Քրիստոսի Պայծառակերպութեան հանդէսի՝ նորանշանակ Վարդավառի, երբ խուռներամ վարդերը գոյնզգոյն ծաղկաթերթեր են արձակում, շուշանն է շողում հովտում եւ հովհարւում հովից:

  Տաղերում ու մեղեդիներում Նարեկացին շռայլօրէն օգտագործել է խօսքի պատկերաւորման արտայայտչամիջոցները, բազմազան ձեւերով հարստացրել հայոց տաղաչափական արուեստը, ընդլայնել բանաստեղծութեան կառուցման հնարաւորութիւնները, կարեւորել չափածոյի երաժշտայնութիւնը՝ ստեղծելով բաղաձայն հնչիւնների հանգիտութեան չգերազանցուած օրինակներ:  Դա բանարուեստի հարուստ մի համակարգ է, որն ուղեցոյց է դարձել հայ քնարերգութեան յետագայ զարգացման համար:
 Տաղերը զարգացման մեծ ուղի են անցել հոգեւոր արուեստի շրջանակներում: Սակայն նախատեսուած չլինելով պարտադիր կիրառական նպատակների համար՝ ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողութիւնից ու աւելի անկաշկանդ հարստացել ժողովրդագուսանական աշխարհիկ արուեստից եկող կենսունակ տարրերով՝ կազմելով հայ միջնադարեան արուեստի կանոնացումից դուրս մնացած բաժնի կարկառուն հատուածներից մէկը:

  •   «Ջրօրհնեաց տաղը» ուրախարար աւետիսի երգ է՝ նուիրուած Աստուծոյ Որդու յայտնութեանը, ծնունդին ու մկրտութեանը:  Դա աշխարհի ու մարդկութեան նորոգման հրաւէրն է՝ նման ամէն նոր գարնանը բնութեան վերածննդին:  Քրիստոսի Մարդեղութեան տօնը հարսանիք է, եւ հարսանեաց կոչնատէրը Յովհաննէս Մկրտիչն է: Նա հրաւէր է յղում ո՛չ միայն Ադամի տան որդիներին, Տիրամօրը, մարգարէներին ու նահապետներին, այլեւ «բողբոջախիտ, խիտասաղարթ» ծառերին, յորդ աղբիւրներին ու հոյլ վտակներին: Բնութեան շարժուն ներկայութիւնը բանաստեղծութեան մէջ՝ իբրեւ խորհրդանիշ ու այլաբանութիւն, գունագեղ ու յուզական է դարձնում երգը:
  •   Ինքնատիպ է Քրիստոսի հրաշալի Յարութեան նարեկացիական ընկալումը («Տաղ Յարութեան»): Նա չի կրկնել աւետարանական պատումը, այլ թեմային հաղորդել է հայկական-տեղական տարազաւորում՝ սրբազան գործողութիւնը կապելով հայ բնաշխարհի հետ:
     
  •   Տիրամայրը, Նարեկացու ընկալմամբ, երգ է՝ զարմանալի եւ «շարժվարժենի» («Մեղեդի Ծննդեան»): Բարձրաճաշակ բանաստեղծական բնութագրումների ու համեմատութիւնների առատութիւնը երգում տեսանելի ու առարկայօրէն շօշափելի է դարձնում Աստուածամօր քնարական պատկերը:

    Աղբիւր՝ «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002 թ.

  Ստորեւ կարող էք դիտել Նարեկացու՝  վենետիկեան 1840 թ. հրատարակութեան մէջ տեղ գտած տաղերը (Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վենետիկ, 1840 թ.)։

 
 

  Այստեղ կարող էք դիտել Նարեկացու տաղերը` 2003 թ. Անթիլիասում տպագրուած ժողովածուից:

 
 

  Տաղերի գրաբար բնագրերը արեւելահայերէն զուգադիր թարգմանութեամբ կարող էք դիտել երեւանեան 2013 թ. հրատարակութեան մէջ։

  Իւրաքանչիւր տաղի բնագրի հետ կգտնէք նաեւ նրա նոտագրուած տարբերակը, որը վերցրել ենք անուանի երաժշտագէտ Նիկողայոս Թահմիզեանի «Գրիգոր Նարեկացին եւ հայ երաժշտութիւնը V-XV դդ.» աշխատութիւնից (Երեւան, 1985 թ.)։ 

Հաջորդ