ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

    Գ․ Նարեկացու ստեղծագործութիւնները հայ միջնադարեան քնարերգութեան զարգացման նոր փուլ են նշանաւորել՝ արտացոլելով մարդու հոգեւոր-իմացական եւ զգացմունքային աշխարհը, բարձր անհատի փիլիսոփայական ներթափանցումները կեանքի գաղտնիքների մէջ:

    Գ․Նարեկացին միստիկ բանաստեղծ է: Միստիկի գերագոյն նպատակն է հասնել եւ ձուլուել աստուածային էութեանը: Աստուած կատարեալ է, մարդը՝ անկատար:Աստծուն հասնելու համար մարդը պիտի հաւատով, յոյսով եւ սիրով լցուած կատարելագործուի,  մաքրուի մեղքերից, մարմնի ցանկութիւններից: Միստիկը Աստծուն գտնում է ամէնուրեք,թէ´ արտաքին աշխարհում, թէ´ իր հոգու մէջ, քանի որ նրա համոզմամբ Աստուած ճառագայթուած է անկատար աշխարհի՝ բնութեան եւ մարդու մէջ:Նարեկացին եւս համոզուած է, որ Աստուած գտնուում է «աշխարհի նիւթեղէն բոլոր տարրերում, բոլոր ծագերում»: Հետեւաբար բնութիւնն անդրադարձնում է Աստծու լոյսն ու գեղեցկութիւնը: Եւ ձգտել  այդ լոյսին ու գեղեցկութեանը նշանակում է մոտենալ Աստծուն:Եւ գովերգել բնութեան լոյսն ու գեղեցկութիւնը , նշանակում է գովերգել Աստծուն:Միստիկական այս սկզբունքից ելնելով՝ Նարեկացին հատկապէս իր տաղերում առաջին անգամ հայ գրականութեան մէջ պատկերել եւ գովերգել է բնութիւնը: Այսպիսով՝ Գրիգոր Նարեկացին ստեղծել  է բնութեան այլաբանական երգեր:

    Գ․Նարեկացին բանաստեղծութեան ասպերէզում շռայլօրէն օգտագործել է խօսքի պատկերաւորման արտայայտչամիջոցները, բազմազան ձեւերով հարստացրել հայոց տաղաչափական արուեստը, ընդլայնել բանաստեղծութեան կառուցման հնարաւորութիւնները, կարեւորել չափածոյի երաժշտայնութիւնը՝ ստեղծելով բաղաձայն հնչիւնների հանգիտութեան չգերազանցուած օրինակներ: Դա բանարուեստի հարուստ մի համակարգ է, որն ուղեցոյց է դարձել հայ քնարերգութեան յետագայ զարգացման համար: Նրա  ստեղծագործութիւնը ողջ միջնադարում արժանացել է մեծագոյն փայփայանքի, պահպանուել գրեթէ անկորուստ: Մեզ են հասել նրա երկերի բազմաթիւ ընդօրինակութիւններ:

Գրիգոր Նարեկացին գրել է թղթեր, ներբողեաններ, Աստուածաշնչի «Երգ երգոց» գրքի մեկնութիւնը: Նա հիմնադրել է հայ հոգեւոր երգի մի տեսակ, որ կոչուում է գանձ: Գրիգոր Նարեկացու բանաստեղծական հանճարն առաւելապէս դրսեւորուել է նրա տաղերում եւ «Մատեան ողբերգութեան» աղօթամատեանում:

Նկարը ՝ Գիրք դպրութեան եւ տաղարան, Կ. Պոլիս, 1714 թ.։