ՆԱՐԵԿԱՎԱՆՔ

Նարեկավանքը գտնուում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունեաց գաւառում՝ Վանայ լճի հարաւային ափի մօտ՝ Նարեկ գիւղում: X դ.-ում վանքը հիմնադրել են կրօնական հալածանքների պատճառով Բիւզանդիայից փախած եւ Հայաստանում ապաստանած հայ վանականները:

Ստեփանոս Տարօնեցու վկայութեամբ` Նարեկավանքը, Հոռոմոսի վանքը եւ Կամրջաձոր վանքն առաջնորդուել են նոյն կանոնադրութեամբ: Նարեկավանքի գլխաւոր՝ Ս. Սանդուխտ եկեղեցին եռախորան, արեւելեան կողմում զոյգ աւանդատներով, արեւմտեան կողմում կամարակապ խորշերով արտաքուստ ուղղանկիւն կառոյց է` ութանիստ թմբուկով եւ բրգաձեւ վեղար ունեցող գմբեթով: Ըստ աւանդութեան` հարաւային խորանում է գտնուում սուրբ Սանդուխտի գերեզմանը: Եկեղեցուն արեւելքից կից է Գ․ Նարեկացու գմբեթաւոր մատուռ-դամբարանը, իսկ հարաւից` մէկ զոյգ որմնամոյթերով, պայտաձեւ աւագ խորանով գմբեթաւոր դահլիճի յօրինուածքով Ս. Աստուածածին եկեղեցին:

Նարեկավանքը ծաղկում է ապրել Անանիա Նարեկացու, յետագայում` Գրիգոր Նարեկացու վանահայրութեան տարիներին: Անանիա Նարեկացու ջանքերով վանքում հիմնուել է դպրոց, որտեղ ուսանել են Ուխտանէսը, Գրիգոր Նարեկացին եւ այլք: Գրչութեան այս կենտրոնում կատարուել են Պատարագի եւ Ժամերգութեան մեկնութեան ընդօրինակութիւններ, գրուել են ձեռագրեր: Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069թ.-ին գրուած մի Աւետարան է: Չնայած յետագայում էլ շարունակուել է ձեռագրերի ընդօրինակումը, սակայն Նարեկավանքի դպրոցն այլեւս չի հասել X–XI դդ. իր մակարդակին: 1707թ.-ին Մինաս վարդապետ Ղափանցին հիմնովին նորոգել է վանքը: 1787թ.-ին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին կից կառուցել է ուղղանկիւն, քառամոյթ ընդարձակ գաւիթ, որտեղ թաղուած են Գրիգոր Նարեկացու եղբայր Յովհաննէս վարդապետը եւ Անանիա Նարեկացին: 1812թ.-ին գաւթի արեւմտեան մուտքի առջեւ կառուցուել է եռայարկ զանգակատուն: 1843թ.-ին Նարեկավանքի գմբեթները նորոգել են ճարտարապետ Սահրատ Մեմարբաշին եւ նրա որդի Մովսէսը: 1858թ.-ին վանքը բարեկարգել է Յովհաննէս վարդապետը, 1867թ.-ին վանահայր Յովսէփ Րաբունին Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանի վրայ կանգնեցրել է մարմարէ խաչքար` վրան քանդակուած Աստուածածինը` մանուկ Յիսուսը գրկին, նրանց առջեւ՝ ծնրադիր Գրիգոր Նարեկացին: 1884թ.-ին Արիստակէս վարդապետը վանքում բացել է վարժարան: 1896թ.-ին Նարեկավանքի վրայ յարձակուել են քրդերը, սպանել վանահայր Եղիշէին եւ 12 միաբանների: 1901թ.-ին վանքում բացուել է (Ջանշեան ընտանիքի բարերարութեամբ) որբանոց-վարժարան:

Նարեկավանքի ուխտագնացութեան օրերն են Վարդավառի եւ Վարագայ Ս. Խաչի տօները: Նարեկավանքից հիւսիս-արեւմուտք` մօտ 2 կմ հեռու, գտնուում է նուիրական սրբավայր համարուող այն քարայրը, որտեղ ճգնել է Գրիգոր Նարեկացին:

Նարեկավանքն աւերուել է Մեծ եղեռնի ժամանակ:

Աղբիւր` «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002 թ.։

Լուսանկարներ