Նարեկացին` հովիւ. օգնութիւն պարտապանին
ԺԳ
Սուրբ Գրիգորը գաղտնի ելաւ գնաց Բզնունեաց երկիր` Արծկէ, Ներքին Գազոխ: Այնտեղ գիւղում մի աղքատ ու պարտապան մարդ կար: Նա ինչ մշակ կամ հօտաղ որ աշխատեցնում էր, վարձը չէր տալիս, քանի որ պարտատէրերը գալիս-տանում էին [նրա փողերը], եւ բան չէր մնում, որ տար: Ուստի այլեւս մշակ չէր մտնում նրա մօտ: Այդ մարդը, Գրիգորին տեսնելով, ասաց պատանուն.
- Ե՛կ ինձ մօտ որպէս հօտաղ, քեզ տարին 10 ղուռուշ կը տամ:
Գրիգորն ասաց.
- Դրամով չեմ դառնայ մշակ քեզ համար: Եթէ դու յանձն առնես օրը երեք անգամ գալ եկեղեցի եւ աղօթել, ես առանց վարձատրութեան քեզ համար մշակութիւն կʼանեմ:
Նա յանձն առաւ աղօթել: [Գրիգորը] երեք տարի նրա մօտ մնաց: Գրիգորի աղօթքներով այդ մարդը հարստացաւ, դարձաւ բազմաթիւ ոչխարների, գութանի, տաւարի, ձիու տէր, յոյժ ճոխացաւ եւ ազատուեց իր բոլոր պարտքերից:
Իսկ Անանիա քեռին լալով փնտրում էր Գրիգորին ամէն տեղ: Շրջելով գնաց-հասաւ Գազոխ գիւղը եւ երեկոյեան քարոզ ասաց ժողովրդին: Որպէս բնաբան գործածեց քերականութիւնը, քերականութիւնից յետոյ ոճի մասին չխօսեց, այլ խօսեց խոստովանութեան ու զղջման մասին: Երբ քարոզն աւարտուեց, դուրս եկան, մարդիկ ասում էին. «Լա՛ւ քարոզ ասաց», իսկ Գրիգորն ասում է.
- Լաւն էր, բայց խօսքը չշարունակուեց սկզբնապէս բնաբան ընտրուած քերականութեան մասին:
Այն մարդը, ում մշակն էր [Գրիգորը], գնաց վարդապետի մօտ եւ ասում է․
- Ճշմարի՞տ է, որ հրամանքդ քարոզ ասացիր, քերականութիւնը բնաբան դրեցիր, բայց յետոյ դրան չհետեւեցիր:
[Անանիա վարդապետը] զարմացաւ, թէ ո՞վ էր, որ այս բանը հասկացել էր, եւ [այն մարդն] ասաց.
- Իմ մշակը:
[Անանիա վարդապետը] հարցրեց.
- Քո մշակը որտեղի՞ց է:
Ասաց.
- Օտար է, եւ չեմ ճանաչում:
[Անանիան] ասաց.
- Ի՞նչ է նրա անունը:
- Գրիգոր,– պատասխանեց [այն մարդը]:
Դրանից հասկացաւ [Անանիա վարդապետը], որ իր քեռորդին էր նա, եւ ասաց.
- Ցո՛յց տուր ինձ նրան:
[Այն մարդը] տարաւ ցոյց տուեց [Գրիգորին]: Տեսնելով նրան` [Անանիան] ճանաչեց, լալով համբուրեց նրան եւ առաւ-տարաւ եկեղեցի` ուրախանալով նրա վրայ:
Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 5բ-7ա: