ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

  ՍԲ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (հաւանաբար՝ 947–1003-ից յետոյ), բանաստեղծ, մեկնիչ, երաժիշտ, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ, Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի կրտսեր որդին: Ենթադրուում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունեաց գաւառի Նարեկ գիւղից կամ Անձեւացեաց գաւառից: Յիշատակարաններում իրեն կոչել է «Նարեկայ վանից վանական» (այստեղից էլ «Նարեկացի» անուանումը):
  Կրթութիւնը ստացել եւ իբրեւ կուսակրօն հոգեւորական դաստիարակուել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում վանահայր եւ ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հաւանաբար մօր հօրեղբօր որդու) խնամակալութեամբ: Ուսումնառութեան ընթացքում ի յայտ է բերել բացառիկ ընդունակութիւններ, իւրացրել ոչ միայն հայ մատենագրութեան արժէքները, Սուրբ Գիրքն ու թարգմանական մեծահարուստ գրականութիւնը, այլեւ, քաջ տիրապետելով յունարէնին, հաղորդակցուել բիւզանդական մշակոյթին: Բանաստեղծի յիշատակարաններից կարելի է եզրակացնել, որ նրա կեանքն անցել է վանական միջավայրում, բայց չի մեկուսացել եկեղեցաքաղաքական իրադարձութիւններից: 977 թ.-ին Անձեւացեաց Գուրգէն թագաւորազն իշխանի (990–1003-ին՝ Արծրունեաց թագաւոր) պատուէրով գրել է «Երգ երգոցի մեկնութիւնը», իսկ 983 թ.-ին Մոկաց աշխարհի Ապարանից Ս. Խաչ վանքի նաւակատիքի առիթով տեղի Ստեփանոս եպիսկոպոսի պատուէրով՝ վանքի հիմնադրման ու կառուցման պատմութիւնը: Հաւանաբար 990-ական թթ. կէսին գրել է Մոկաց աշխարհի Կճաւայ վանքի վանահօրն ուղղած դաւանական թուղթը (ընդգրկուելէ «Գիրք թղթոց» ժողովածուում), որում մերժել ու հերքել է թոնդրակեցիների աղանդը, բացառել հանդուրժող վերաբերմունքն այդ հերձուածի հետեւորդների նկատմամբ:

  Գրիգոր Նարեկացին եղել է իր դարաշրջանի համահայկական եկեղեցական խնդիրներով շահագրգիռ գործիչ: Միաբանութեան պարտականութիւններից ազատ ժամանակ առանձնացել է Վանայ լճից հարաւ՝ Նարեկայ վանքից հիւսիս գտնուող լեռան ճգնարան-քարայրում եւ բանաստեղծի իր ներանձնացումն ապրել: Դժուարամատչելի այդ ճգնարանը դարեր շարունակ եղել է ուխտատեղի: Ըստ յիշատակարանի՝ մահացել է «Մատեան ողբերգութեան» պոեմն աւարտելուց յետոյ: Գերեզմանը գտնուել է Նարեկայ Ս. Աստուածածին եւ Ս. Սանդուխտ եկեղեցիների հարեւանութեամբ նրա յիշատակին կառուցուած մատուռ-եկեղեցում, որը 1915 թ.-ից յետոյ վանքի ողջ համալիրի հետ իսպառ աւերուել է:
  Գրիգոր Նարեկացին XII դ. կէսից ոչ ուշ դասուել է սրբերի շարքը։ Հայ Եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացու յիշատակը տօնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:
 2015 թուականի ապրիլի 12-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՈՒՆԸ

Գ. Նարեկացու առաջին ստեղծագործութիւնը՝ «Մեկնութիւն Երգ երգոցի» աշխատութիւնը, գրել է 25 տարեկանում ԳուրգԷն Արծրունու պատուէրով: Այն գրուել է այնպիսի վարպետութեամբ, որ նրա հեղինակութիւնը բաւականին մեծ թափով աճել է ողջ Հայաստանում: Նարեկացու բացառիկ վարպետութեան մասին իր աշխատութեան մէջ անդրադարձել է Սամուել Անեցին․ «փայլէր իբրեւ զարեգակն իմաստութեամբ եւ առաքինութեամբ սուրբ այրն Աստուծոյ Գրիգոր Նարեկացին»: Նարեկացու մի շարք աղօթքներ տեղ են գտել Ներսէս Լամբրոնացու «Պատարագամատոյցի» մէջ: Ներսէս Լամբրոնացին Նարեկացուն կոչել է «աստուածաշնորհ եւ յոգունց գերազանց հրեշտակն ի մարմնի»: 

Եկեղեցական դաւանաբանական մեծ արժէք ունի «Թուղթ ի վանս Կճաւայ․․․»-ն, որն ուղղուած է Կճաւայ վանքի վանահորը։ Ժամանակակից շատ ուսումնասիրողներ գտնում են, որ այն ուղղուած է եղել հենց Սարգիս կաթողիկոսին՝ ապացուցելու  իր ուղղադաւանութիւնը: Պատահական չէ, որ Նարեկացին համարուում է իր ժամանակի մեծագոյն մտածողներից մեկը, ոչ միայն հայ, այլեւ համաքրիստոնեական աշխարհում նրան ընդունում են իբրեւ եկեղեցու հիմնաքարերից մեկը:   

Գ. Նարեկացու ստեղծագործութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը պայմանաւորուած է բացառիկ գեղարուեստականութեամբ: Նրա լաւագոյն տաղերն ու մեղեդիները եւ «Մատեան ողբերգութեան» պոեմը (XVIII դարից ժողովուրդն այն անուանել է «Նարեկ») հայ միջնադարեան քնարերգութեան զարգացման նոր փուլ են նշանաւորել՝ արտացոլելով մարդու հոգեւոր-իմացական եւ զգացմունքային աշխարհը, բարձր անհատի փիլիսոփայական ներթափանցումները կեանքի գաղտնիքների մէջ:

  Բարձրաճաշակ բանաստեղծական բնութագրումների ու համեմատութիւնների առատութիւնը «Մեղեդի ծննդեան» երգում տեսանելի ու առարկայօրէն շօշափելի է դարձնում Աստուածամօր քնարական պատկերը: Տաղերում ու մեղեդիներում Նարեկացին շռայլօրէն օգտագործել է խօսքի պատկերաւորման արտայայտչամիջոցները, բազմազան ձեւերով հարստացրել հայոց տաղաչափական արուեստը, ընդլայնել բանաստեղծութեան կառուցման հնարաւորութիւնները, կարեւորել չափածոյի երաժշտայնութիւնը՝ ստեղծելով բաղաձայն հնչիւնների հանգիտութեան չգերազանցուած օրինակներ:  Դա բանարուեստի հարուստ մի համակարգ է, որն ուղեցոյց է դարձել հայ քնարերգութեան յետագայ զարգացման համար:

  ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

  Գ. Նարեկացու մեծագոյն ստեղծագործական սխրանքը «Մատեան ողբերգութեան» պոեմն է (1001-03): 95 (ՂԵ) գլուխներից բաղկացած երկն աղօթքի ձեւով արտայայտուած խօսք է՝ ուղղուած Աստծուն («Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»), անկեղծ ու անմիջական խոստովանանք, աղաչանք ու աղերսանք, նաեւ փառաբանութեան երգ, մաղթանք ու տենչանք՝ իշխող ողբերգական տրամադրութեամբ: Իր ներաշխարհը, մարդկութեան ու իր փրկութեան ճանապարհը բացայայտելու համար նա գտել է գեղարուեստական բազմազան հնարքներ: Իր հաւատի ու խոստովանութեան գրքում նա փիլիսոփայ-բանաստեղծ է, ընդհանուր քրիստոնեայ մարդկութեան մեղքերն ու արատները կամովին ստանձնած եւ բոլորի փոխարէն դրանք քաւող անհատ: Գ. Նարեկացին իր եսի ու համաշխարհի արտայայտիչն է, եւ «Մատեան ողբերգութեան»-ը որքան ինքնապատում է, նոյնքան էլ համապատում է՝ մեղքից ու արատից տառապող մարդկութեան փրկութեան ճիգերի մասին:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

  Գրիգոր Նարեկացին նաեւ երաժշտութեան խոշոր երեւոյթներից ու նուիրական անուններից է, որի ստեղծագործութիւնը սերտօրէն կապուած է եղել հայկական մասնագիտացուած երգարուեստի պատմական զարգացման նախորդ (V–IX դդ.) եւ յաջորդ (XI–XV դդ.) փուլերի, ուստի եւ հազարամեայ վերելքի ողջ շրջանի հետ: Նա իր ստեղծագործութեան հզօր շերտերով նշանակալի յեղաբեկում է առաջ բերել հայոց միջնադարեան մասնագիտացուած երգարուեստում՝ յատկապէս իր տաղերով, որոնց բաղադրիչներում կիրառուած է ութ ձայնի հին եղանակների համեմատութեամբ մեղեդիական ազատ, աւելի բարձր ոճը:

  Գ. Նարեկացին Ժ դարի 2-րդ կէսին հայ հոգեւոր երգի նոր ժողովածուի՝ Գանձարանի կամ հոգեւոր Տաղարանի սկզբնաւորողն է: Պահպանուած 36 բանաստեղծութիւնները (5-ի հեղինակային պատկանելութիւնը երկբայելի է) ցոյց են տալիս, որ նա է ստեղծել  յիշեալ ժողովածուի համակարգը՝ գանձարանային շարքերով, որոնցից իւրաքանչիւրը՝ գանձ-տաղ-մեղեդի եւ յորդորակ, միաւորներով, համապատասխանում է եկեղեցական տօնակարգին: Ամէն շարք (կարգ) խօսքի եւ երաժշտութեան մի ցիկլ է:

  Իր բանաստեղծութիւնների համար Գ. Նարեկացին ինքն է յօրինել երաժշտութիւնը։ Բանաւոր աւանդուելով՝ պահպանուել են նրանցից միայն վեցի մեղեդիները եւ ձայնագրուել նոր ժամանակներում (միւսների երաժշտութիւնը անյայտ է խազերի վերծանուած չլինելու պատճառով): Բանաստեղծութիւններում, առաւելապէս տաղերում ու մեղեդիներում Նարեկացու նպատակը մարդու ներքին բնութեան՝ յուզական աշխարհի պատկերումն է՝ կապուած քրիստոնէական հաւատի ու պաշտամունքի հետ:

Աղբիւր՝ «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002 թ.։